Օրերս Հարավկովկասյան երկաթուղով (ՀԿԵ) Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան: ՀԿԵ հաղորդագրության համաձայն՝ սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ բանակցությունների շնորհիվ:
Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինը 2 հազար դոլարով: «Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք Ռուսական և Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինը 30 տոկոսով (մոտ 500 դոլար)»,- ասել է ՀԿԵ ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը: Նրա խոսքով՝ զեղչերը թույլ են տալիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները: Գվոզդևի փոխանցմամբ՝ ՀԿԵ առաջարկած երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն են արժանացել, և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ: Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:
Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր՝ համաձայն չվացուցակի:
Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի տեսանկյունից, չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով: Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին:
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: